«Օսկարի» հաղորդավարն Ուիլ Սմիթի հարվածից հետո ոստիկանություն չի դիմել
Ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը հրաժարվել է դերասան Ուիլ Սմիթի դեմ հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Սմիթն «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում անհաջող կատակի պատճառով հարվածել է նրան, հայտնում է «ABC»-ն՝ վկայակոչելով Լոս Անջելեսի ոստիկանությանը։
«Լոս Անջելեսի ոստիկանության քննիչները տեղյակ են երկու տղամարդու մասնակցության միջադեպի մասին, որը տեղի է ունեցել ակադեմիայի մրցանակների հանձնման ընթացքում։ Միջադեպի ընթացքում մի մարդ մյուսին հարված է հասցրել։ Միջադեպի մասնակիցը հրաժարվել է ոստիկանություն դիմել»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ, որը մեջբերել է ալիքը։
Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ամերիկյան կինոակադեմիան՝ նշելով, որ դերասան Ուիլ Սմիթի մասնակցությամբ միջադեպի ֆոնին հանդես է գալիս ընդդեմ բռնության ցանկացած դրսեւորման դեմ։ «Ակադեմիան չի ընդունում բռնության ոչ մի դրսեւորում»,- ասված է ԱՄՆ կինոակադեմիայի Twitter-ի էջում։
Ուիլ Սմիթն ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում պաշտպանել է կնոջը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ հաղորդավար Քրիս Ռոքը կատակել է Սմիթի կնոջ՝ Ջեյդա Փինկեթ-Սմիթի սանրվածքի մասին։ Նախկինում Փինքեթ-Սմիթը հայտարարել է, որ մազաթափության խնդիր ունի եւ մրցանակաբաշխությանը մասնակցել է՝ գլուխը սափրած։ Այդ բառերից հետո Ուիլ Սմիթը բեմ էր բարձրացել եւ հարվածել գործընկերոջ դեմքին։