Սպառազինության մատակարարոմն Ուկրաինա՝ «զարգացող երկխոսություն» ՆԱՏՕ-ի երկրների հետ. ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը հայտարարել է, որ Ուկրաինային հավելյալ ռազմական տեխնիկա առաջարկելու ՆԱՏՕ-ի բանաձեւը «զարգացող երկխոսություն» է երկրների միջեւ։
Անցած շաբաթ ՆԱՏՕ-ում ունեցած իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշակի քանակությամբ ռազմական տեխնիկա էր խնդրել՝ դաշինքի ինքնաթիռների եւ տանկերի 1 տոկոսը, բայց ՆԱՏՕ-ն այդ բանաձեւին իր համաձայնությունը դեռ չի հայտնել։
CNN-ի հարցազրույցում Սմիթն ասել է, որ «ինքը պետք է հաշվարկի, թե ինչ է արդեն հատկացված» Ուկրաինային ՆԱՏՕ-ի երկրների կողմից՝ Զելենսկու կոնկրետ խնդրանքին որոշակի պատասխան տալուց առաջ։
«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների մեծ մասը մահասփյուռ օգնություն են մատակարարում, այդ թվում այն դաշնակիցների մի մասը, որոնք վաղուց դա չանելու քաղաքականության կողմնակիցն էին»,- ասել է Սմիթը։ «Մենք լուրջ փոփոխություններ ենք տեսնում Եվրոպայում։ Մենք պետք է հաշվարկենք, թե ինչ է մատակարարված այսօրվա դրությամբ»։
Նա նաեւ անդրադարձել է այն առաջարկությանը, որը Բայդենի վարչակազմը մերժել էր. Լեհաստանը МиГ-29-ներ կտրամադրի Ուկրաինային, իսկ ԱՄՆ-ը հետո կլրացնի դրանց պակասը Լեհաստանի համար։ «Պատասխանն է՝ ոչ, եթե դուք խոսում եք խորհրդային դարաշրջանի ինքնաթիռների մասին, Միացյալ Նահանգները որոշել է, որ Լեհաստանի այս կոնկրետ առաջարկը կայացած համարել չի կարելի»։
Բայց եթե ՆԱՏՕ-ի անդամը ցանկանա տրամադրել հենց այդ ինքնաթիռները եւ տանկերը, «դա ինքնուրույն որոշում կլինի։ Նրանք կարող են ընդունել այդ ինքնուրույն որոշումը»,- ասել է Սմիթը։ «Այժմ Միացյալ Նահանգները հակաօդային պաշտպանության միջոցների վրա է կենտրոնացել, եւ մենք մի քանի հնարավորություն ենք տրամադրում, որպեսզի փորձենք բավարարել այդ պահանջները»։