«Թալիբանը» հանել է BBC հեռուստաալիքի նորությունների թողարկումները Աֆղանստանի եթերից
Աֆղանստանում BBC հեռուստաալիքի նորությունների թողարկումները հանվել են եթերից այն բանից հետո, երբ թալիբները «հեռուստատեսությունում գործընկերներին հրամայել են հեռացնել միջազգային հեռարձակումները իրենց եթերից», հաղորդում է PA MEDIA-ն:
Ընկերությունը թալիբներին կոչ է արել «չեղարկել իրենց որոշումը»՝ պնդելով, որ իր ծառայությունները շաբաթական վեց միլիոն աֆղանցիների են հասնում:
Կիրակի օրը հեռուստաալիքը հայտարարել է, որ Աֆղանստանում փուշթու, պարսկերեն եւ ուզբեկերեն լեզուներով իր լրատվական թողարկումները թալիբների հրամանով հանվել են։
«Սա տագնապալի իրադարձություն է Աֆղանստանի ժողովրդի համար անորոշության եւ անհանգիստ ժամանակաշրջանում»,- ասել է հեռուստաալիքի համաշխարհային ծառայության լեզուների բաժնի ղեկավար Թարիք Քաֆալան՝ կոչ անելով թալիբներին չեղարկել իրենց որոշումը։