Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխի շրջանից. ՌԴ ՊՆ
Ադրբեջանական կողմը մարտի 27-ի երեկոյան իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Գրանցվել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք Ասկերանի շրջանում: Փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել է երկուական մարդ ամեն կողմից: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։
Անցկացված բանակցությունների արդյունքներով՝ ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից: Ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության երեք շարասյան ուղեկցումը Լաչինի միջանցքով. երկուսը՝ հյուսիսային, մեկը՝ հարավային ուղղություններով:
Իրականացվել է հերթապահություն 4 երթուղով Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի եւ Շուշիի շրջաններում:
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր, ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորակամզի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից եւ արկերից մաքրվել է 2 358,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ 1937 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26 257 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման եւ հնարավոր միջադեպերի կանխման համար անխափան փոխգործակցություն է իրականացվում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբերի գեներալների հետ»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ: