Ամասիայում արջը մտել է մեղվապահի բակն ու կոտրել փեթակները
Այսօր առավոտյան Ամասիա համայնքի բնակիչ Արտյոմ Դավթյանը նկատել է, որ բակում տեղադրված մեղվի փեթակներից մի քանիսը բացված են, կոտրված, իսկ մեղվաթերթիկները դուրս թափված փեթակներից:
Դավթյանները ձյան վրա տեսել են մեծ ոտնահետքեր և դրանցից ենթադրել են, որ բակ մտնողն ու փեթակները վնասողն արջն է։ Դավթյանները SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ արջն իր հետ նաև մեղվաթեթիկներ էր տարել, մի քանիսն էլ գտել են ճանապարհից: Դավթյանների անասնագոմը գտնվում է տնից մի քանի մետր հեռավորության վրա, բակում ունեն մեծ շներ, բայց գիշերը ոչ մի արտասովոր ձայն չեն լսել:
Օրեր առաջ էլ արջը մտել էր Ամասիայի մեկ այլ բնակչի՝ Ավագյաններին տան բակն ու վնասել էր մեղվի փեթակներից երկուսը:
Ի դեպ, այս ընթացքում Ամասիայի հարակից կիրճում գտնվող ՀԷԿ-ի տեսախցիկները արձանագրել էին ճանապարհով անցնող մեծ արջին, որն էլ հավանաբար գիշերները կեր որոնելու համար մտնում է գյուղ ու մտնում մեղվապահների բակերը: