Թուրքիան Արևմուտքին կոչ է անում լսել Ռուսաստանի անվտանգության փաստարկները
Արևմտյան երկրները պետք է լսեն Ռուսաստանի անվտանգության փաստարկները։ Այս մասին մարտի 27-ին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը՝ Կատարում Դոհայի ֆորումի ժամանակ։
Իր ելույթի ժամանակ Քալընն ընդգծել է, որ անհնար կլինի երկխոսություն հաստատել, եթե քանդվեն Ռուսաստանի հետ բոլոր կամուրջները։
«Իհարկե, անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել ուկրաինացիներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց, բայց մենք պետք է նկատի ունենանք Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը»,- ասել է նա։
Իբրահիմ Քալընը նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստվում է մոտ ապագայում կանոնավոր բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ուկրաինական հարցի շուրջ»։