Սուրճ խմելուց հետո անհանգստության պատճառները. ինչպե՞ս նվազեցնել այն
Սննդաբան Լամորնա Հոլինգսվորթը բացատրել է սուրճ խմելուց հետո անհանգստության պատճառները և պատմել, թե ինչպես կարելի է նվազեցնել այն։ Մասնագետի խոսքերը մեջբերում է Metro-ն:
Ըստ Հոլինգսվորթի՝ սուրճն օրգանիզմի վրա սկսում է ազդել անմիջապես, իսկ ըմպելիքի ազդեցության գագաթնակետը հասնում է մեկ ժամվա ընթացքում։ Սուրճը բարձրացնում է զարկերակային ճնշումը և սրտի զարկերի հաճախականությունը։ Կենտրոնական նյարդային համակարգում կոֆեինի ցածր չափաբաժինները կարող են բարելավել շարժողական ակտիվությունը և զգոնությունը, սակայն բարձր չափաբաժիններն առաջացնում են անհանգստության ախտանիշներ: Կոֆեինի չափից մեծ դոզայի մյուս ախտանիշներն են սրտխառնոցը, գլխապտույտը և անքնությունը:
Սննդաբանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հնարավոր չէ որոշել սուրճի ունիվերսալ չափաբաժինը, որը կհամապատասխանի բոլորին և ապահով կլինի։ «Մեզանից ոմանց համար ընթրիքից հետո սուրճը հաստատ անհանգիստ քնելու պատճառ է: Բայց ոմանց համար կրկնակի էսպրեսսոն երեկոյան ընթրիքն ավարտելու կատարյալ միջոց է»,- ասում է Հոլինգսվորթը:
Անհանգստությունն ավելի լավ կառավարելու համար փորձագետը խորհուրդ է տալիս հավասարակշռված սնվել, սահմանափակել կոֆեինի և ալկոհոլի ընդունումը, ավելի շատ շարժվել և փորձել փոքր զբոսանքներ կատարել ամբողջ օրվա ընթացքում:
Բավականաչափ քունը, հաճելի մարդկանց հետ շփվելը և առողջության կանոնավոր ստուգումները կարևոր են անհանգստությունը նվազեցնելու համար, ասում է Հոլինգսվորթը: Նա նաև առաջարկել է սուրճի օրագիր պահել և դրանում գրել, թե օրական որքան սուրճ է խմվում և ինչպիսի արձագանք է առաջացնում օրգանիզմում: