Իրանն անօրինական է անվանել Էր Ռիադի եւ Քուվեյթի միջեւ Դուրրա գազի հանքավայրի վերաբերյալ համաձայանագրի կնքումը
Իրանն անօրինական է անվանել Էր Ռիադի եւ Քուվեյթի միջեւ Դուրրա գազի հանքավայրի վերաբերյալ համաձայանագրի կնքումը։ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը պահպանում է Դուրրա գազի հանքավայրի համատեղ շահագործման իրավունքը, հաղորդում է Mehr-ը։
Դուրրա գազի հանքավայրը Իրանի, Քուվեյթի եւ Սաուդյան Արաբիայի համատեղ գազային հանքավայրն է, եւ հանքավայրի մի մասը գտնվում է Քուվեյթի եւ Իրանի միջեւ չսահմանված ջրային տարածքներում, ասել է Խաթիբզադեն:
Միջազգային կանոնների եւ կանոնակարգերի համաձայն՝ գազի հանքավայրի ցանկացած շահագործում եւ զարգացում պետք է իրականացվի բոլոր երեք երկրների համագործակցությամբ եւ փոխգործակցությամբ, ասել է նա։
Իրանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Քուվեյթի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կնքված վերջին փաստաթուղթը հակասում է գոյություն ունեցող համաձայնագրերին եւ նախկին բանակցություններին, եւ որ նման գործողությունն անօրինական է։
Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում շահագործել Դուրրա գազի հանքավայրը, նշել է Խաթիբզադեն։