Իրանը հայտարարել է, որ պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների հինգերորդ փուլ անցկացնել
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանի եւ Էր Ռիադի հարաբերություններն անվանել է «ոչ այդքան լավ» եւ ասել, որ Իրանը պատասխանատու չէ ստեղծված իրավիճակի համար, սակայն պատրաստ է բանակցությունների հինգերորդ փուլ անցկացնել Սաուդյան Արաբիայի հետ, հաղորդում է Mehr-ը։
«Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կապերը բախվում են մարտահրավերների, եւ մենք ամեն ինչ անում ենք երկու երկրների միջեւ երկխոսության դռները բաց պահելու համար»,- ասել է նա լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ հենց Սաուդյան Արաբիան է խզել հարաբերությունները Իրանի հետ, մինչդեռ Թեհրանը բարեկամական հարաբերություններ է պահպանում արաբական շատ երկրների, ներառյալ՝ Քուվեյթի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Իրանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիայի հակասական պահվածքը, օրինակ՝ 81 մարդու մահապատիժը, բացասաբար է ազդել Թեհրանի հետ հարաբերությունների վրա, եւ Իրանը չի մոռանա Մինայում աղետի հետեւանքով Իրանի 460 քաղաքացիների մահը։
Ինչ վերաբերում է Եմենում պատերազմի, նա նշել է, որ ինքնիշխանությունը պաշտպանելը եմենցիների գործն է, սակայն Իրանը ողջունում է պատերազմի ավարտը եւ ապաշրջափակումը։
Նա հերքել է այն կարծիքը, թե այն ամենը, ինչ կատարվում է Եմենում, կապված է Իրանի հետ։