Հայ շախմատիստները մասնակցելու են Եվրոպայի անհատական առաջնությանը
Մարտի 26-ին Սլովենիայի Բրեժիցե քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված կլինի 9 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը:
Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15 հազար, իսկ երրորդը` 10 հազար եվրո:
Մրցաշարը կավարտվի ապրիլի 7-ին: