Պուտինը հավանություն է տվել Աբրամովիչի մասնակցությանը Մոսկվա-Կիև բանակցությունների կազմակերպմանը. Financial Times
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հավանություն տվել ռուսաստանցի գործարար, միլիարադատեր Ռոման Աբրամովիչի մասնակցությանը Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների կազմակերպմանը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ռուս ղեկավարի համաձայնությամբ միլիարդատերը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ օգնելու երկու երկրների միջև բանակցություններ կազմակերպել։
Ըստ ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի, Աբրամովիչը հանդիպել է նրա հետ բելառուսական Գոմելում, երբ ընթանում էր ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը։
«Ես կարող եմ հաստատել, որ Աբրամովիչն ակտիվորեն մասնակցում է խաղաղ բանակցություններին», - մեջբերում է թերթը ուկրաինացի քաղաքական գործչի խոսքերը։ Արախամիան նշել է, որ միլիարդատերը կարողացել է միանալ գործընթացին «միջազգային հրեական համայնքի միջոցով»։ Աբրամովիչը զրուցել է նաև ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հետ։
Մարտի 24-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Աբրամովիչն իսկապես ներգրավված է եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման սկզբնական փուլում։
Մինչ այս The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Աբրամովիչը չի հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։ Հրատարակությունը պնդում է, որ Ուկրաինայի նախագահն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին բացատրել է, որ միլիարդատերը կարող է կարևոր միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում։