ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ավելի քան 1300 ռուս զինծառայողի մահվան մասին
Ավելի քան 1300 ռուս զինծառայող է զոհվել հատուկ ռազմական գործողության ժամանակ: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում կորուստներ կան մեր մարտական ընկերների շրջանում: Այսօրվա դրությամբ՝ 1351 զինծառայող է մահացել, 3825-ը՝ վիրավորվել»,- ասել է Ռուդսկոյը:
Գեներալ-գնդապետի խոսքով՝ պետությունը կստանձնի նրանց ընտանիքներին աջակցելու պատասխանատվությունը: «Երեխաների բարձրագույն կրթության ապահովումը, վարկերի ամբողջական մարումը, բնակարանային հարցի կարգավորումը»,- ընդգծել է նա: