Ջո Բայդեն. ԱՄՆ-ն կօգնի Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական նավթից եւ գազից
Ռուսաստանն իր ազդեցությունն օգտագործում է Եվրոպային նավթով եւ գազով ապահովելու համար՝ «հարեւաններին հարկադրելու եւ մանիպուլացնելու համար»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հայտարարելով նոր նախաձեռնության մասին, որն ուղղված է Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից նվազեցմանը։
Ելույթ ունենալով Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ՝ Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական նավթից եւ գազից եւ մայրցամաքը բավարար պաշարներով ապահովել առաջիկա երկու ձմեռների համար։
«Գազի մատակարարման շղթաները եւ վերջին տասնամյակում կառուցված ենթակառուցվածքը կարգավորելու համար որոշ ժամանակ կպահանջվի, ուստի մենք պետք է համոզվենք, որ Եվրոպան կկարողանա հաղթահարել այս եւ հաջորդ ձմեռը, քանի որ մենք ենթակառուցվածքը կառուցում ենք դիվերսիֆիկացված, կայուն եւ մաքուր էներգիայի ապագայի համար»,- ասել է Բայդենը:
Սպիտակ տան եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների նախագահությամբ խորհուրդը կոչված կլինի հեղուկ բնական գազի այլընտրանքային աղբյուրներ գտնել եւ նվազեցնել բնական գազի ընդհանուր պահանջարկն ապագայում։
«Ես գիտեմ, որ ռուսական գազի անջատումը թանկ կարժենա Եվրոպային, բայց դա ճիշտ է ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլեւ կամրապնդի մեր ռազմավարական դիրքերը», - ասել է Բայդենը։
Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները կաշխատի 2022 թվականին Եվրոպային առնվազն 15 միլիարդ խորանարդ մետր հեղուկ բնական գազ մատակարարել՝ այլ երկրների հետ համագործակցությամբ։
«Այդ ճգնաժամը նաեւ հնարավորություն է տալիս։ Այն կատալիզատոր է,- ասել է Բայդենը։- Կատալիզատոր, որը կխթանի այն ներդրումները, որոնք մեզ անհրաժեշտ են՝ մեր մաքուր էներգիայի նպատակների կրկնապատկման եւ դեպի մեր զրոյական արտանետումներով ապագան մոտեցնելու համար»: