Բայդենը հայտարարել է, որ իրեն հաջողակ կհամարի, եթե Թրամփն առաջադրվի 2024թ․ եւ պայքարի իր դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն հաջողակ կհամարի, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրվի 2024թ․ եւ պայքարի իր դեմ։
«Հաջորդ ընտրություններին ես շատ բախտավոր կլինեմ, եթե այդ նույն մարդն առաջադրվի եւ պայքարի իմ դեմ»,- ասել է Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Թրամփի մասին Բայդենը մեկնաբանել է՝ պատասխանելով այն հարցին, որ Եվրոպայում տարածված են մտավախությունները, որ Թրամփը կարող է վերընտրվել նախագահի պաշտոնում։ Ապա լրագրողը հարցրել է, թե արդյոք ինչ-որ քայլեր կձեռնարկվեն՝ Թրամփին խանգարելու համար։
Բայդենը պատասխանել է, որ ինքը «մտադիր չի եղել» առաջադրվել նախագահի պաշտոնում 2017թ․ փոխնախագահի պաշտոնից հեռանալուց հետո, բայց ավելի ուշ այդ տարի մտափոխվել է, երբ տեսել է «ջահերով եւ նացիստական դրոշներով ռասիստների՝ Շառլոթսվիլում Unite the Right հանրահավաքի ժամանակ»:
«Ձեր նշած պարոնին հարցրեցի, թե ինչ է մտածում այդ մասին, ինչին նա պատասխանեց, որ երկու կողմերում էլ շատ լավ մարդիկ կան։ Այդ ժամանակ ես որոշեցի, որ չեմ լռի»,- ասել է Բայդենը: