ԱՄՆ իշխանությունները կարձագանքեն, եթե ռուսական կողմը քիմիական զենք կիրառի Ուկրաինայում. Բայդեն
ԱՄՆ իշխանությունները կարձագանքեն, եթե ռուսական կողմը քիմիական զենք կիրառի Ուկրաինայում։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Բայդենին հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման հնարավորությունը, և ինչպես կարող են այդ դեպքում արձագանքել ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն:
«Առաջին հարցին ես չեմ կարող պատասխանել։ Ես չեմ կարող բացահայտել հետախուզական տեղեկությունները։ Երկրորդ՝ մենք կպատասխանենք, եթե ՌԴ-ն օգտագործի այն։ Թե ինչպիսին կլինի պատասխանը, կախված կլինի քիմիական զենքի օգտագործման բնույթից»,- ասել է Բայդենը։
Ճշտող հարցին, թե խոսքը ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական պատասխանի՞ մասին է, ամերիկացի առաջնորդն ասել է. «Դա համաչափ պատասխան կառաջացներ»: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ում հետագա գործողությունների մասին վերջնական որոշում կկայացնեին իրադարձությունների նկարագրված զարգացման դեպքում:
Ինչպես մարտի 16-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արևմտյան երկրների աջակցությամբ Ուկրաինայում սադրանք է նախապատրաստում խաղաղ քաղաքացիների դեմ թունավոր նյութերի կիրառմամբ, որպեսզի դրանում մեղադրի Ռուսաստանին: Նա նշել է, որ հատուկ ռազմական գործողություններում ներգրավված ռուսական զինված ուժերի ստորաբաժանումներում քիմիական զինամթերք չկա և չի կարող լինել:
Գեներալ-մայորի տվյալներով՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադում գրավված մարտական փաստաթղթերի թվում կա Ուկրաինայի տարածքի մանրամասն քարտեզ՝ դրա վրա տեղադրված օբյեկտներով և պահպանվող թունավոր նյութերի տեսակներով: «Ուստի թունավորող նյութերի օգտագործմամբ Ուկրաինայի անվտանգության ծառայության սադրանքի ցանկացած փորձ անխուսափելիորեն կբացահայտվի»,- նախազգուշացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: