Ուկրաինան և ՌԴ-ն դարձյալ գերիների են փոխանակել
Ուկրաինայի փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ մարտի 24-ին տեղի է ունեցել գերիների փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Այսօր նախագահ Զելենսկու հրամանով տեղի է ունեցել ռազմագերիների առաջին լիարժեք փոխանակումը»,- գրել է Վերեշչուկը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ փոխանակումն իրականացվել է «10-ը 10-ի դիմաց» բանաձևով։ Վերեշչուկը նաև հավելել է, որ Ուկրաինան Օդեսայի մոտ խորտակված նավից 11 քաղաքացիական նավաստիների է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն և դրա դիմաց ընդունել իր 19 քաղաքացիական նավաստիներին:
Գործակալությունը հիշեցնում է, որ մարտի 23-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել երկու անգամ։