Պեկինը Մոսկվային ռազմական օգնություն չի ցուցաբերում. Չինաստանի ՊՆ
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը «սուտ» է որակել ԱՄՆ պաշտոնատար անձանց պնդումներն այն մասին, թե Մոսկվան Պեկինին նախապես տեղեկացրել է Ուկրաինայում նախապատրաստվող ռազմական գործողության մասին, և չինական կողմը լուռ համաձայնություն է հայտնել:
«Այդ ստի իմաստը պատասխանատվությունը Չինաստանի վրա բարդելն ու նրան սևացնելն է։ ՉԺՀ-ն այդ կապակցությամբ դժգոհություն և բողոք է հայտնում»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։
Չինաստանի ՊՆ-ն հերքել է նաև ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե Պեկինը ռազմական օգնություն է տրամադրում Ռուսաստանին։ ՉԺՀ պաշտպանության նախարարությունում նաև հայտարարել են, որ ԱՄՆ-ն փորձում է Ուկրաինայի ճգնաժամի պատասխանատվությունը բարդել Չինաստանի վրա:
«ՉԺՀ գործողությունները հստակ հակադրվում են ԱՄՆ մեթոդներին, որոնք են՝ արհեստականորեն ճգնաժամ ստեղծելը, պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելը և դրանից օգուտներ քաղելը»,- նշել է ՉԺՀ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ բոլորը գիտեն, թե իրականում ո՛ր պետությունն է ճգնաժամի գլխավոր հրահրողը: