Տեղի է ունեցել գերիների փոխանակում Ռուսաստանի հետ՝ 10-ը 10-ի դիմաց. Ուկրաինայի փոխվարչապետ
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ հինգշաբթի օրը տեղի է ունեցել գերիների փոխանակում Ռուսաստանի հետ՝ 10-ը 10-ի դիմաց սկզբունքով։
«Այսօր նախագահ Զելենսկու հրամանով տեղի է ունեցել ռազմագերիների առաջին լիարժեք փոխանակումը: 10 գերեվարվածների դիմաց մենք դուրս ենք բերել մեր 10 զինծառայողներին»,- գրել է Վերեշչուկը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքերով՝ Կիևը նաև Ռուսաստանին է հանձնել 11 ռուս քաղաքացիական նավաստիների՝ Sapphire փրկարար նավի ուկրաինացի 19 նավաստիների դիմաց։
Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։