Թուրքիան անիրատեսական է անվանել Ս-400-ի փոխանցումն Ուկրաինային
Անկարայի կողմից Ուկրաինային ռուսական Ս-400-ի փոխանցման գաղափարն անիրատեսական է, սակայն հնարավորություն է ընձեռում քննարկել Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ խնդիրները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի կապերի գծով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այդ գաղափարն իրատեսական չէ, սակայն հնարավորություն է տալիս քննարկել խնդիրները, որոնք վերջին տարիներին Թուրքիան ունեցել է Արեւմուտքի հետ»,- նշել է Ալթունը Wall Street Journal-ում իր հոդվածում։
Ալթունը հիշեցրել է, որ Ռուսաստանից Ս-400 գնելուց առաջ Թուրքիան բազմիցս դիմել է ԱՄՆ-ին։ «Քանի որ սպառնալիքները, որոնց բախվել է Թուրքիան, չեն անհետացել՝ կապված ԱՄՆ-ի հրաժարման հետ, Թուրքիան ստիպված է եղել այլընտրանքային համակարգեր որոնել։ Նախկին նախագահ Թրամփը եւս խոստովանում էր դա։ Ուստի այդ ժամանակ Թուրքիան հնարավորություն չուներ գնել Patriot համակարգեր։ Բացի այդ, Թուրքիան մինչ օրս չի մոռացել, թե ինչպես էին մեր դաշնակիցները ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության շրջանում մեր երկրից դուրս բերում Patriot-ի մարտկոցները։ Այդ փորձի պատճառով Թուրքիան այլեւս լուրջ չի ընդունում այդ համակարգերի մատակարարման հարցով Արեւմուտքի որեւէ «ոչ պաշտոնական պարտավորություն»։ Թուրքիային F-35-ի ծրագրից անօրինական բացառումը՝ քաղաքական դրդապատճառներով, խանգարում է Թուրքիային լուրջ վերաբերվել ծրագրին կրկնակի մասնակցելու գաղափարին»,- գրել է Ալթունը։