Մեղր, ջեմեր, մուրաբաներ, նռան գինի արտադրող «Իբարի» ընկերությունն արտոնություն ստացավ. 500 մլն ներդրում կարվի
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԻԲԱՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԻԲԱՐԻ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում են օգտագործել մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում և Աշտարակում։ Ընկերությունը գործում է 2017 թվականից։
Ընկերությունը 4 տարիների ընթացքում ստեղծել է 7 հայկական պրեմիում բրենդներ, ինչպիսիք են Wild Hive սերտիֆիկացված 100% օրգանական մեղրը, Beak Pick, Coloreat, Mrgastan, Boon Bariq ջեմերի և մուրաբաների բերենդները, Riceman բասմատի բրենդը և Rubin նռան գինու բրենդը։
Բոլոր 7 բրենդների դիզայնը Լոնդոնյան հայտնի Pentawards մրցանակաբաշխությանը արժանացել են պլատինե, ոսկե և արծաթե մրցանակների։ Ընկերության արտադրանքը արդեն իսկ արտահանվում է ավելի քան մեկ տասնյակ երկիր այդ թվում՝ ԱՄՆ, Անգլիա, ՌԴ, Բելառուս, Վրաստան և այլն։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 հազար տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90% նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։
Արդեն իսկ իրականացվել է 7․5 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 500 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 27 նոր աշխատատեղ` մինչև 171,000 դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53․4 մլն դրամ: