Ջեյք Սալիվանը նկարագրել է, թե որտեղ են անցնում Ռուսաստանին Չինաստանի օգնության «կարմիր գծերը»
ԱՄՆ իշխանությունների կողմից Կրեմլի դեմ սահմանված պատժամիջոցների խախտմամբ Ռուսաստանին Չինաստանի հնարավոր օգնության դեմ պատասխան միջոցների մասին նախազգուշացումից հետո ԱՄՆ նախագահ Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի հստակ նշել է, թե Պեկինն ինչ քայլերից պետք է ձեռնպահ մնա, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Սալիվանը, ով ուղեկցում է Սպիտակ տան ղեկավարին Բրյուսել այցի ընթացքում, որտեղ Բայդենը պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, լրագրողներին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները ուշադիր հետեւելու են, թե ինչ ֆինանսական գործարքներ է իրականացնում Պեկինը Մոսկվայի հետ եւ արդյոք չինական կողմը չի փորձում շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված ներմուծման սահմանափակումները։
Օրինակ, նշել է Սալիվանը, այսպես կոչված, «կարմիր գիծն» այստեղ կլինի չինական ընկերության կողմից Ռուսաստան պատժամիջոցների ենթակա ապրանքների արտահանման փորձը։ Տվյալ դեպքում, ասել է նախագահի խորհրդականը, ԱՄՆ-ն միջոցներ ունի՝ նման գործելաոճը կանխելու համար:
Ինչ վերաբերում է հնարավոր «Չինաստանի կողմից արդյունաբերական մասշտաբով դրամական հոսքերը վերաուղղորդելու համակարգային ջանքերին»՝ պատժամիջոցների խախտմամբ, Ջեյք Սալիվանը հավելել է, որ ԱՄՆ-ն եւ դրա G7 դաշնակիցները կհայտնաբերեն նման դեպքերը եւ համապատասխան գործողություններ կձեռնարկեն: