Թուրքիայում հայ լուսանկարիչների ցուցահանդես է բացվել
Թուրքիայի Ամասիա նահանգի Մերզիֆոն շրջանում բացվել է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահադեսը:
Թուրքական «Բուգյուն» լրատվական կայքը հայտնում է, որ Մարիցա Մետաքսյանը, որը լուսանկարիչներ Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների զարմուհին է, ընտանիքի հաջորդ սերուդներին է պատմել եղբայրների և նրանց մոր՝ Հայկանուշի հուշերը: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Արմեն Ցոլակ Մեսրոպյանը, ով Դիլդիլյան ընտանիքի 3-րդ սերնդի ներկայացուցիչ է, ի մի բերելով եղբայրների' 1872-1923 թթ. ընթացքում կատարած լուսանկարները, առաջին ցուցահանդեսը կազմակերպել էր սույն թվականի ապրիլ ամսին Ստամբուլում:
Վերջերս ցուցահանդեսը տեղափոխել է լուսանկարիչ եղբայրների հայրենիք՝ Մերզիֆոն: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել նաև Մերզիֆոնի քաղաքապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ Իսքենդեր Դողրուն:
Ցուցահանդեսում ներկայացվել են ընտանեկան հավաքածուից շուրջ 600 լուսանկար, որոնցում պատկերված էին Սիվասը, Մերզիֆոնը, Սամսուը, Քոնյան և Ամասիան:
Արմեն Ցոլակ Մեսրոպյանը բացման արարողության ժամանակ հայտնել է, որ երջանիկ է իր ընտանիքին պատկանող լուսանկարները հայրենի հողում ցուցադրելու համար: