Թաթոյանի դիմումի քննությունը հետաձգվել է. մահակ իշխանության ձեռքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արման Թաթոյանը, դեռեւս ՄԻՊ-ի պաշտոնում, անցած տարվա հոկտեմբերի 13-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ծանր վիրավորանքի քրեականացման՝ Քրօր․ 137.1 հոդվածը։ Նա գրել է․ «Այս հոդվածը լի է անորոշ ձեւակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով: Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների, ու դրանք գնալով խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու»։
ՍԴ նիստը նշանակված էր նախօրեին, սակայն երեկ տեղեկացանք, որ դիմումի քննությունը հետաձգվել է՝ տեղափոխել են ապրիլի 26-ին։ Թե ինչ պատճառով, ՍԴ-ից չհայտնեցին, ասացին, որ նիստի վերաբերյալ աշխատակարգային որոշումը կայքում կտեղադրվի եռօրյա ժամկետում։
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս հոդվածը մահակ է դարձրել ընդդիմախոսների գլխին ու սրանով սահմանափակում է խոսքի ազատությունը, եւ ցանկացած, անգամ անհասցե վիրավորական արտահայտության հեղինակով զբաղվում են իրավապահները, ապա կարելի է կռահել, որ Փաշինյանի ձեռքում գործիք դարձած ՍԴ-ն ամեն ինչ կանի, որ հնարավորինս ձգի այս դիմումի քննությունը, իսկ վերջում իշխանահաճո որոշում կընդունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: