Պուտինն Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը ներկայացրել է իր գնահատականները Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով իր նախկին շփումները մի շարք օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ։ Բենեթը նաև որոշ մտքեր է հայտնել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցային գործընթացի վերաբերյալ։
Իր հերթին նախագահ Պուտինը կիսվել է Ուկրաինայում բանակցությունների ընթացքի և հատուկ ռազմական գործողության վերաբերյալ իր գնահատականներով։
«Ռուսաստանի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Իսրայելում երեկ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,- ասվում է հաղորդագրությունում։
Բանակցությունների արդյունքների հիման վրա կողմերը հաստատել են երկխոսությունը շարունակելու մտադրությունը։