Ադրբեջանի ԱԳՆ-ն անորոշ կերպով հերքել է իր մասնակցությունը Արցախում գազամատակարարման կասեցմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն անորոշ կերպով հերքել է իր մասնակցությունը Արցախում գազամատակարարման կասեցմանը։
«Հայաստանի ոչ կառուցողական մոտեցումը, անհիմն պնդումները բացահայտում են այդ երկրի իրական մտադրությունները։ Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանից զինված ուժերի դուրսբերումը եւ դրանով նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը եւ չանել անհիմն հայտարարություններ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լ. Աբդուլաեւան։ Թե կոնկրետ ինչն է Աբդուլաեւան համարում «անհիմն» պնդումներ, կարելի է միայն գուշակել։
Հիշեցնենք, որ գազի մատակարարման հետ կապված խնդիրները սկսվել են մարտի 8-ից։ Ադրբեջանի կողմից վերահսկվող, Հայաստանից Արցախ տանող գազատարի հատվածում վթար է տեղի ունեցել։
Ադրբեջանական կողմը տարբեր պատրվակներով հայ մասնագետներին թույլ չի տվել վերանորոգել գազատարը։ Երկար բանակցություններից հետո Ադրբեջանը պարտավորվել է վերանորոգել գազատարը։ Ի վերջո, մարտի 19-ին գազամատակարարումը վերականգնվել է, բայց երկար չի տեւել․ մարտի 21-ի երեկոյան գազամատակարարումը դադարեցվել է Ադրբեջանի անմիջական միջամտությամբ։