Խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը. Ինչ հարցեր են օրակարգում (Տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին, շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը. Օրակարգում 21 հարց է:
Հիշեցնենք, որ նախօրեին փակ նիստում խորհրդարանը քննարկել է «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, որը հեղինակել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, եւ որին միացել էին նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Ընդդիմության կողմից առաջարկված հայտարարության տեքստը չի ընդունվել:
Քննարկվել է նաեւ ընդդիմության առաջարկած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նրանք առաջարկում էին ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Այս նախաձեռնությունը եւս չի ընդունվել:
Օրակարգում ներառված են նաեւ հետեւյալ հարցերը.
- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,
- «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության, «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին եւ այլ հարցեր: