Սինգապուրը նախատեսում է սկսել ատոմային էներգիայի օգտագործումը մինչեւ 2050թ․
Սինգապուրը նախատեսում է սկսել ատոմային էներգիայի օգտագործումը մինչեւ 2050թ․։ Այս մասին ասվում է էներգետիկ շուկայի վարչության տարածած զեկույցում։
Մասնավորապես, չի բացառվում, որ մինչեւ 2050թ․ ատոմային էներգիան կկարողանա ծածկել ազգային կարիքների մինչեւ 10 տոկոսը, նշվում է զեկույցում։ Նշվում է նաեւ, որ կառավարության կողմից 2012թ․ պատվիրված տեխնիկատնտեսական հիմնավորումը կազմած մասնագետները եկել են այն եզրակացության, որ այդ ժամանակ առկա տեխնոլոգիաները թույլ չեն տվել ատոմային ռեակտորներ տեղակայել Սինգապուրում։ Այնուամենայնիվ, ինչպես նշվում է զեկույցում, «այդ ժամանակից ի վեր տեխնոլոգիաները զգալիորեն բարելավվել են, քանի որ խոշոր երկրները զարգացնում են ատոմակայաններ, որոնք պոտենցիալ ավելի անվտանգ են, քան արդեն կառուցվածները»։ Նման տեխնոլոգիաներ կան Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում։
Սինգապուրի իշխանությունները մտադիր են 2050 թ․ ածխաթթու գազի արտանետումները հասցնել զրոյի։