Թուրքական դատարանը Գյուլենի զարմիկին «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» համար ազատազրկման է դատապարտել
Թուրքական դատարանը իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի զարմիկին «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով ազատազրկման է դատապարտել։
Անկարայի դատարանը Սելահադին Գյուլենին դատապարտել է երեք տարի 4 ամսվա ազատազրկման՝ Գյուլենի շարժման անդամ լինելու համար, հայտնում է Dünya-ն։
Թուրքական անվտանգության ուժերը անցյալ տարվա մայիսին Քենիայում ձերբակալել էին նրան եւ վերադարձրել Թուրքիա։
Անկարան պնդում է, որ Ֆեթուլահ Գյուլենը, որը 1999-ից, որպես կամավոր վտարանդի, ապրում է ԱՄՆ-ում, 2016-ին անհաջող հեղաշրջում է իրականացրել։
Համախոհները եւ Գյուլենը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն են ճանաչվել, եւ ձախողված փորձից հետո կառավարությունը սկսել է բռնաճնշումների ենթարկել շարժմանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակից Գյուլենը հերքում է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին։
Սելահադին Գյուլենի կինը մայիսի սկզբին սոցցանցերում տեղադրված մի տեսանյութում հայտնել է, որ իր ամուսինն անհետացել է Նայրոբիում ոստիկանական բաժանմունքից՝ չնայած դատարանի որոշմանը, որն արգելում էր նրա արտահանձնումը։