Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. կասկածյալն առևտրի կրպակից զենքի սպառնալիքի տակ հափշտակել էր գումար ու ծխախոտ
Մարտի 21-ին, զենքին նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
ժամը 03:40–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ա. Մ.-ից, ով հայտնել է, որ Մոսկովյան փողոցում գտնվող խանութներից մեկից զինված տղամարդը զենքի սպառնալիքով գողացել է գումար և ծխախոտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Հարությունյանն ու ավագ քննիչ Մանուկյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:25-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում գործող առևտրի կրպակին է մոտեցել անհայտ տղա, աշխատակցին ցույց տվել զենքին նմանվող առարկա ու նրանից պահանջել է գումար և ծխախոտ:
Մերժում ստանալուց հետո հանցագործը հափշտակել է մոտ 23 հազար դրամ գումար և ծխախոտ ու դիմել փախուստի:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ անհայտ անձը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Սամսոն Ղուկասյանը: