Սպիտակ տան մամուլի քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Նա մի քանի օր կարանտինում կանցնի։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, հայտարարել է Փսակին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Այսօր առավոտյան, նախապատրաստվելով Եվրոպա մեկնելուն, ես ՊՇՌ թեստ եմ հանձնել: Այն ցույց է տվել դրական արդյունք, ինչը նշանակում է, որ ես հետևելու եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի խորհուրդներին և չեմ գնալու նախագահ Ջո Բայդենի հետ»,- ասել է Փսակին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը, Բայդենը մարտի 24-ին կայցելի Բրյուսել, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին և Յոթնյակի խմբի նիստին, ինչպես նաև կմիանա ԵՄ նախատեսվող գագաթնաժողովին։ Նշենք, որ մարտի 25-ին ԱՄՆ նախագահը կմեկնի Վարշավա, որտեղ մարտի 26-ին բանակցություններ կվարի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։