Ավելի քան 3,5 միլիոն փախստական լքել է Ուկրաինան
Ավելի քան 3,5 միլիոն փախստական լքել է Ուկրաինան փետրվարի 24-ից ի վեր, նրանցից 500,000-ը կարող են հոգեբանական խնդիրներ ունենալ հակամարտության պատճառով, երեքշաբթի օրը ճեպազրույցում ասել է Լեհաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Պալոմա Կուչին։
«Վերջին տվյալներով՝ 6,5 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ուկրաինայի տարածքում։ Այս շաբաթ՝ մարտի 20-ի դրությամբ, Ուկրաինայից առնվազն 3,5 միլիոն փախստական հատել է հարևան երկրների սահմանները։ Լեհաստանն արդեն ընդունել է ավելի քան 2 միլիոն մարդու։ Սա բոլոր փախստականների մոտ 61%-ն է: Փախստականների մոտ երկու երրորդը ցանկանում է մնալ Լեհաստանում, ավելի մոտ տանը», – ասել է նա:
Կուչին նշել է, որ ներկայում Ուկրաինայում բժշկական օգնության հասանելիությունը շատ սահմանափակ է, փախստականները մի քանի օր անցկացնում են առանց նորմալ սննդի և ջրի՝ սպասելով սահմանը հատելու հնարավորության, երեխաները հոգնած և տագնապած են, տարեցները՝ առանց դեղորայքի, ինչը հանգեցնում է շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման և այլ առողջական խնդիրների սրման, հղի կանայք զրկված են նախածննդյան խնամքից։
«Վտանգված առողջական վիճակով մարդիկ շտապ տարհանման և մասնագետների ուղղորդման կարիք ունեն՝ շարունակական բուժումն ապահովելու համար: Օրինակ՝ հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդները, քաղցկեղով հիվանդ երեխաները և մեծահասակները, ովքեր դիալիզի կարիք ունեն»,- ասել է նա:
«Ըստ ԱՀԿ-ի նախնական հաշվարկների, հակամարտության պատճառով կես միլիոն փախստական կարող է հոգեկան խանգարումներ ունենալ, իսկ մոտ 30 հազարը՝ հոգեկան ծանր խանգարումներ»,- ասել է Կուչին:
ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպությունը ներկայում դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին արձագանքելու հնարավորություն, այդ թվում՝ փախստականների կտրուկ ավելացման՝ Ուկրաինայում իրավիճակի վատթարացման դեպքում։