Ռուսաստանում ցորենը թանկացել է
Ռուսական ցորենի գինը ներքին շուկայում բարձրացել է ռուբլու արժեզրկման եւ արտահանողների կողմից մեծ պահանջարկի ֆոնին։ Մարտի 14-ից մարտի 20-ը ընկած շաբաթվա ընթացքում գնանշումներն աճել են միջինում 525-550 ռուբլով՝ մեկ տոննայի դիմաց մինչեւ 16.15 հազար ռուբլի, հայտնում է «Կոմերսանտը»:
Գարու գներն աճել են 1.1 հազար ռուբլով՝ տոննայի դիմաց մինչեւ 15.1 հազար ռուբլի: Գինն աճում է ռուբլու արժեզրկումից հետո եւ արտահանողների գնման բարձր գների ֆոնին։ Ռուսական հացահատիկի միության փոխնախագահ Ալեքսանդր Կորբուտը նշել է, որ այժմ գնման գները դեռ չեն արտացոլում համաշխարհային գնանշումների աճը։
Մարտի 17-ի դրությամբ 12.5 տոկոս սպիտակուցով ռուսական ցորենն արժեր 440 դոլար մեկ տոննայի դիմաց։ Արտահանողների մեծ մասը հացահատիկ է գնում արդեն կնքված պայմանագրերի կատարման կամ պաշարների ձեւավորման՝ համար հետագա գների բարձրացման ռիսկի ֆոնին: Նոր պայմանագրերը, ըստ Հացահատիկ արտահանողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Զերնինի՝ «աննշան» են նախորդ սեզոնների համեմատ։
Մարտի 14-20-ը ընկած շաբաթվա ընթացքում Ռուսաստանը մոտ 520 հազար տոննա հացահատիկ է արտահանել, այդ թվում՝ 410 տոննա ցորեն։ Այս ցուցանիշները 13 եւ 10.8 տոկոսով ավելի են, քան մեկ շաբաթ առաջ։ Մարտ ամսվա արդյունքներով 2.4 մլն տոննա հացահատիկ է սպասվում, որից 2.2 մլն տոննան ցորենն է։ Մարտին հիմնական գնորդները Եգիպտոսն ու Թուրքիան էին։ Ընդ որում, «Կոմերսանտ»-ի անանուն զրուցակիցը պնդում է, որ ներքին եւ արտաքին շուկայում գները կայունացել են, եւ այժմ ռեկորդային մակարդակից հետընթաց կա։
Արտահանողները նաեւ մաքսատուրքի բարձրացում են ակնկալում։ Մարտի 29-ից այն 86.4 դոլար էր սահմանվել տոննայի դիմաց։ Ենթադրվում է, որ Ռուսաստանից հացահատիկի արտահանումը կաճի. մինչեւ սեզոնի ավարտն այն, ըստ կանխատեսումների, պետք է 33.5 մլն տոննա ցորեն կազմի։ ԱՄՆ գյուղնախարարության արտահանման ակնկալվող ծավալը 32 մլն տոննա է գնահատում: