Աֆրիկայում առաջիկա շաբաթներին ցորենի և մի շարք մթերքների դեֆիցիտ կառաջանա
Աֆրիկայի երկրներն արդեն առաջիկա մի քանի շաբաթներին կարող են բախվել ցորենի եւ մի շարք մթերքների դեֆիցիտի՝ Ուկրաինայում հակամարտության պատճառով։ Այս մասին նախազգուշացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության եւ աֆրիկյան մայրցամաքի ամենամեծ բուհի եւ Հարավային Աֆրիկայի համալսարանի աշխատակից Դիրք Կոտցեն։
«Աֆրիկայի շատ երկրներ ցորեն եւ հացահատիկի այլ տեսակներ են ներկրում Ռուսաստանից եւ Ուկրաինայից,- երկուշաբթի Կոտցեին մեջբերել է տեղի SABC ռադիոկայանը։- Մենք կարծում ենք, որ ցորենի, ցորենի ալյուրի եւ դրանից պատրաստված մթերքների դեֆիցիտ կլինի։ Պետք է ավելացնել նաեւ նավթի գների շարունակվող աճը, ինչն էլ ավելի է բարձրացնում գնաճը»,- տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանն աշխարհում ցորենի ամենամեծ արտահանողն է, իսկ Ուկրաինան այդ շուկայում հինգերորդն է, նշել է ռադիոկայանը։ Վերջին տարիներին նրանք համատեղ ապահովել են գարու համաշխարհային մատակարարումների 19, ցորենի 14 եւ եգիպտացորենի 4 տոկոսը։ Արդյունքում՝ ՌԴ-ին եւ Ուկրաինային բաժին է ընկնում հացահատիկեղենի համաշխարհային արտահանման ավելի քան մեկ երրորդը։ Նրանց բաժինը բուսայուղի համաշխարհային արտահանման մեջ հասնում է 52 տոկոսի։ Ռուսաստանը նաեւ աշխարհում գյուղատնտեսական պարարտանյութերի ամենամեծ արտադրողն ու արտահանողն է։
Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցորեն ներկրող աֆրիկյան շատ երկրների իշխանություններն արդեն հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների պահպանման դեպքում իրենց երկրներում ցորենի եւ դրանից պատրաստված մթերքների գները կտրուկ կբարձրանան։ Որպես հետեւանք՝ կտուժեն բնակչության ամենաաղքատ շերտերը, որոնք իրենց եկամտի մեծ մասը ծախսում են սննդամթերք գնելու վրա։ «Դրա հետեւանքը կդառնա Աֆրիկայում քաղցի խնդրի սաստկացումը»,- ասել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (ՅՈւՆԿՏԱԴ) գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսփենը։
Ռուսական ցորենի ներկրումից ամենից շատ կախված են Բենինը (ցորենի 100 տոկոս ներմուծում ՌԴ-ից), Սուդանը (70 տոկոս), Ռուանդան, Տանզանիան, Մադագասկարը, Կոնգոյի Հանրապետությունը (65 տոկոս յուրաքանչյուրը), Եգիպտոսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին (մոտ 60 տոկոս)։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ուգանդան, Նամիբիան, Տոգոն, Սենեգալը ՌԴ-ից ներմուծում են ցորենի յուրաքանչյուր երկրորդ տոննան։ Ռուսական ցորենի խոշոր գնորդներ են Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մոզամբիկը, Քենիան, Մալավին, Կոբո Վերդեն եւ Սոմալին։