Եգիպտոսը ֆիքսված գին է սահմանել չսուբսիդավորվող հացի համար
Եգիպտոսում ֆիքսված գին է սահմանել չսուբսիդավորվող հացի համար, որպեսզի դիմակայի սննդամթերքի գների աճին, հայտնում է Reuters-ը։
Վարչապետ Մուստաֆա Մադբուլին երկուշաբթի օրը կոմերցիոն վաճառվող հացի գինը 1 կգ-ի համար 11,50 եգիպտական ֆունտ (0,66 դոլար) է սահմանել։
Եգիպտոսում սննդամթերքի գները դեռեւս մինչեւ ուկրաինական ճգնաժամն էին աճել, բայց այժմ հացը, որը քաղաքական խորհրդանշական հիմնական մթերքն է, որից շատ եգիպտացիներ են մեծապես կախված, թանկանում է Սեւ ծովով ցորենի արտահանման դադարեցման պատճառով:
Որոշ փռերում չսուբսիդավորվող հացի գինը բարձրացել է 25 տոկոսով՝ մի բոքոնի համար 1 եգիպտական ֆունտից հասնելով 1,25-ի։ Ալյուրի գներն աճել են 15 տոկոսով, ասել է Աթիա Համադը՝ Կահիրեի Առեւտրի պալատից։
Հայտարարության մեջ ասվում է, որ ֆիքսված գների խախտումները կհանգեցնեն 100 000-ից մինչեւ 5 մլն եգիպտական ֆունտ տուգանքների, ընդ որում ֆիքսված գները ուժի մեջ կլինեն երեք ամիս:
Եգիպտոսի 103 մլն բնակչության ավելի քան 30 տոկոսն ապավինում է մասնավոր հատվածի հացին, իսկ մնացածները գնում են սուբսիդավորվող հաց, որի գինը տասնամյակներ առաջ մեկ բոքոնի համար 0,05 ֆունտ սթեռլինգ է սահմանվել:
Եգիպտոսն աշխարհի խոշորագույն ցորեն ներկրողն է, որն իր ցորենի ավելի քան 60 տոկոսը գնում է արտասահմանից, ընդ որում Ռուսաստանին եւ Ուկրաինային անցյալ տարի բաժին է ընկել պետական եւ մասնավոր հատվածի ներմուծման մոտ 80 տոկոսը: