Նախնադարյան մարդիկ ժեստերի լեզու են օգտագործել
Ավստրալացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում ապացուցել են, որ նախնադարյան մարդիկ շփվել են ոչ թե ձայներով, այլ ժեստերով։ Այս եզրակացությունը արվել է փորձից հետո, որի ժամանակ կամավորներին խնդրել են այս կամ այն հասկացությունները արտահայտել օգտագործելով ոչ հոդաբաշխ հնչյուններ, իսկ հետո՝ ժեստեր: Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B.
Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականների թիմը պարզել է, որ մեր նախապատմական նախնիները, հավանաբար, ձայներ չեն օգտագործել հաղորդակցվելու համար, փոխարենը օգտագործել են ժեստեր:
Փորձի ընթացքում պարզվել է, որ ժեստերը շատ ավելի արդյունավետ են, երբ մարդը փորձում է մտքերը փոխանցել մյուսին: Բացի այդ, գործողությունները, ավելի շատ, քան հնչյունները, հասկանալի են եղել սոցիալական տարբեր շերտերից մարդկանց համար:
Ավստրալացի հետազոտողները փորձել են պարզել, թե որն է մշակույթների միջեւ հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը՝ հնչյունները թե ժեստերը: Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձնում այն փաստին, որ նույնիսկ այսօր տարբեր մշակույթների մարդիկ ժեստեր են օգտագործում զրույցի ընթացքում։ Ավելին, նույնիսկ կույրերն են դիմում ժեստերի օգտագործմանը։ Իսկ լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար ժեստերը շփման առաջատար միջոցն են:
Ժեստերի համընդհանուր լինելը եւ արագ լեզվի վերածվելու ունակությունն է գիտնականներին դրդել ստուգել, թե իրականում ինչ լեզու են օգտագործել նախնադարյան մարդիկ:
Նոր հետազոտությունը լուրջ նշանակություն ունի մարդկային հաղորդակցության ապագայի համար: Օրինակ՝ առցանց հարթակներում օգտատերերի միջեւ մեծ կոնֆլիկտների հիմնական պատճառներից մեկն այն է, որ տեքստային հաղորդակցության մեջ շատ մտադրություններ կորչում են: Տեխնոլոգիական հսկաները դա լավ հասկանում են, եւ օգտատերերին օգնելու համար նրանք առաջարկում են սմայլիկներ, որպեսզի մարդիկ կարողանան «ժեստեր անել» դրանց օգնությամբ: