Բուլղարիայում չեղարկել են քովիդ-վկայականները
Քովիդ-վկայականները, որոնք անհրաժեշտ էին հանրային եւ զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար, Բուլղարիայում չեղարկվել են երկուշաբթի օրվանից։ Երկրի առողջապահության նախարարության համապատասխան կարգադրությունը, որն արվել է մարտի 17-ին, մտել է ուժի մեջ։
Երկուշաբթի օրվանից վերականգնվել է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների լիարժեք աշխատանքը, բայց ուժի մեջ է մնացել դասասենյակները կանոնավորապես օդափոխելու եւ վարակազերծելու պահանջը։ Բացի այդ, ուսանողները եւ դասախոսները նախկինի պես պարտավոր են դիմակներ կրել։
Սահմանափակումների չեղարկման հաջորդ քայլը լինելու է մարտի վերջին դպրոցականների համար քովիդի պարտադիր թեստավորումը հանելը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Բուլղարիայում (6,5 մլն բնակչություն) վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 472 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ, նրանցից ոչ մեկը պատվաստված չէր։ Քովիդից մահացածների ընդհանուր թիվը հասել է 36 282-ի։ Հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 2 201 պացիենտ, որոնցից 255-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Երկրի մոտ 2,05 մլն քաղաքացի լիովին պատվաստվել է, հիվանդությունը հաղթահարել է մոտ 1,12 մլն մարդ։