Սաակաշվիլին նշել է Վրաստանում իշխանափոխության ժամկետը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել է երկրում իշխանափոխության ժամկետը, հաղորդում է «Грузия Online»-ը։
Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե իր աջակիցներն ակտիվ գործեն, ապա կառավարությանը «կմնա առավելագույնը մեկուկես ամիս» եւ «կմոռացվի», որից հետո կձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն։
Նախկին նախագահը նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանին վերադարձնելու ծրագիր է առաջարկել։
«Եթե Վրաստանում լինեն ԵՄ անձնագրեր, նրանք (Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները) կազատվեն բոլոր բարդույթներից, եւ դա կլինի խաղաղ վերադարձ», - ասել է Սաակաշվիլին։
«Ծրագիրը հետեւյալն է՝ գարնանը իշխանափոխություն, ազգային կառավարության կազմակերպում, մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրությունների անցկացում, իսկ այս տարի կսկսվի Աբխազիայի եւ Ցխինվալի վերաինտեգրումը վրացական պետությանը», ասել է քաղաքական գործիչը։
Սաակաշվիլու խոսքով՝ «պատմական պատուհան» է բացվում Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ գործողության ֆոնին։