Վահագն Խաչատուրյանը թեզ է պաշտպանել Սևանա լճից Պարսից ծոց ջուր արտահանելու թեմայով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վահագն Խաչատուրյանը, ով 1991 թվականից քաղաքականության մեջ է, իսկ 1998-ին ազատվելով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից երկարատեւ պաուզա էր վերցրել, պարզվում է` 2020 թվականին թեկնածուական թեզ է պաշտպանել, «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում» թեմայով:
Նրա գիտական ղեկավարը եղել է տնտեսագիտության դոկտոր, պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Իր գիտական թեզում Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ նախագահ Խաչատուրյանը գրել է, որ ՀՀ ջրային ռեսուրսները կարող են մեր հանրապետության եկամուտների ավելացման աղբյուր հանդիսանալ: Եվ դարակազմիկ վերլուծություն ու առաջարկ է արել.
«Եթե ընդունենք, որ Հայաստանի արտահանվող 1 լ խմելու ջուրը համաշխարհային շուկայում կարող է վաճառվել 0,37 ԱՄՆ դոլարով, ապա հեշտ է նկատել, որ 370 հազ․ 1 մլն խմ խմելու ջրի արտահանումից ստացվող դրամամուտքը (հասույթը) կկազմի 3,7 մլրդ ԱՄՆ դոլար»: Իսկ հիմա, ուշադրություն` առաջարկը. «Ջրի այդպիսի քանակությունը կարելի է վերցնել Սեւանա լճից եւ այն հիմնականում արտահանել խողովակաշարով` մինչեւ Պարսից ծոց: Կարեւոր է նաեւ նկատել, որ ջրի քանակությունը հնարավոր է այդ տարածաշրջանի երկրներ հասցնել ինքնահոս եղանակով՝ նկատի ունենալով, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով 700 մ ավելի բարձր է Պարսից ծոցի երկրներից, ինչը զգալիորեն կէժանացնի խմելու ջրի տեղափոխման ծախսերը»:
Սա 90-ականներին՝ Հայաստանը ջերմուկով պահելու կամ էլ 60-ականներին` Սեւանի մակերեսը փոքրացնելու (որ ջրի գոլորշիացումը նվազի) թեզի շարունակությունն է: Միայն պարզ չէ, թե ինքնահոսով խմելու ջրի տեղափոխումն ինչպես է պատկերացրել պարոն Խաչատուրյանը: Գուցե առուներ գցելո՞ւ միջոցով (թեզի ամբողջական վերլուծությունը` վաղվա համարում):
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: