Վուչիչը բացատրել է, թե ինչու Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին
Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ երկիրը չի կարող մոռանալ 1999 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիայի ժամանակ զոհված երեխաներին։ Այս մասին Կիկինդա քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Սերբիան ազատ, «ռազմական չեզոք» երկիր է, որն ինքնուրույն կպաշտպանի իր հողը։
«Ես ձեզ մի բան կասեմ. մեր պարտքն է ներել, բայց նաև մեր պարտքն է չմոռանալը: Մի մոռացեք 11 ամսական Բոյանա Տոշիչին, ով սպանվեց Կուրշումլիա քաղաքի մերձակայքում գտնվող Մերդարե գյուղում, մի մոռացեք փոքրիկ Միլիցա Ռաքիչին, ով սպանվեց Բատայնիցա քաղաքում, մի մոռացեք փոքրիկ Սանյա Միլենկովիչին, ով սպանվեց Վարվարին քաղաքում, մենք չենք համարձակվի մոռանալ դա. <...> Մենք շատ ավելի ուժեղ կդառնանք, քան այն ժամանակ, երբ անպատասխանատուները, լկտիներն ու ամբարտավանները ռմբակոծեցին մեզ և ագրեսիա իրականացրին մեր ու մեր երկրի դեմ»,- ասել է Վուչիչը։