Գերմանիան պատրաստ է ԵՄ արագ արձագանքման նոր ուժերի միջուկ տրամադրել 2025-ին
Գերմանիան պատրաստ է ԵՄ արագ արձագանքման նոր ուժերի միջուկ տրամադրել2025-ին, հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը՝ իր գործընկերների հետ ԵՄ անվտանգության ռազմավարությունների քննարկումից առաջ, հաղորդում է Reuters-ը։
«Ես կառաջարկեմ, որ Գերմանիան ռազմական միջուկ տրամադրի… 2025թ․»,- ԵՄ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսել ժամանելով՝ լրագրողներին ասել է նա:
Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները հինգշաբթի եւ ուրբաթ Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում կստորագրեն դաշինքի անվտանգության նոր ռազմավարությունը՝ այսպես կոչված «Ռազմավարական կողմնացույցը»:
Սրա շրջանակներում ԵՄ-ն ձգտում է 5000 զինծառայողներից արագ արձագանքման ուժեր ստեղծել՝ արդիականացնելով ԵՄ գոյություն ունեցող մարտական խմբերը, որոնք դաշինքն ունեցել է 2007-ից, սակայն երբեք չի օգտագործել:
Ծրագիրը աջակցություն է ստացել այն բանից հետո, երբ եվրոպական երկրները ամբողջ ուժով փորձում էին պայքարել օգոստոսին Քաբուլից զորքերի քաոսային դուրսբերման դեմ:
«Մենք պետք է ավելի արագ գործենք, հատկապես հիմա, երբ կանգնած ենք նման բարդ իրավիճակի առաջ»,- ասել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին լարվածությունը։
Գերմանիան հավանություն է տվել Ուկրաինային զենք մատակարարելուն եւ հայտարարել է պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացման մասին, ինչը լուրջ տեղաշարժ է նշանավորել Բեռլինի արտաքին եւ անվտանգության քաղաքականության մեջ։