Տորոնտոյում համավարակի սկսվելուց հետո առաջին անգամ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ շքերթ է տեղի ունեցել
Սուրբ Պատրիկի օրվան նվիրված ավանդական շքերթը, որը վերջին երկու տարիներին տեղի չէր ունենում կորոնավիրուսի համավարակի պատճառով, կիրակի կայացել է Տորոնտոյում (Օնտարիոյի նահանգ), տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։
Քայլերթի մասնակիցների եւ հանդիսատեսների թիվը հասնում էր մի քանի հազարի։ Երթը՝ երաժշտական կոլեկտիվների, այդ թվում եւ պարկապզուկ նվագողների եւ տարբեր ինստալյացիաներ տանող տասնյակ մեծ մեքենաների մասնակցությամբ, անցել է Կանադայի ամենամեծ մեգապոլիսի կենտրոնական փողոցներով։ «Սա առաջին մեծ միջոցառումն է [կորոնավիրուսային] սահմանափակումների թուլացումից հետո։ Հույս ունեմ, որ բոլորն ուրախ են այդ առիթով»,- ասել է Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին։
Համավարակի հետ կապված սահմանափակումներն Օնտարիոյի նահանգում կհանվեն ապրիլի 27-ից։ Մարտի 21-ից տարածաշրջանում չեղարկվելու է դիմակների կրումը գրեթե բոլոր տեղերում, այդ թվում դպրոցներում։
Պաշտոնապես Իռլանդիայի երկնային հովանավորի օրը նշվում է մարտի 17-ին, բայց նրա պատվին շքերթները Տորոնտոյում անցկացվում են հանգստյան օրերին։ Կանադայում, ինչպես եւ ԱՄՆ-ում, ապրում են Իռլանդիայից վերաբնակվածների շատ հետնորդներ։ Ավանդազրույցի համաձայն՝ մ.թ. V դարում սուրբ Պատրիկը մայրցամաքից Էյր (Իռլանդիայի պատմական անվանումը) է բերում քրիստոնեությունը։ Նա մահացել է 461թ. մարտի 17-ին, իսկ մոտավորապես XVIII դարակեսին այդ օրը սկսել է նշվել նրա պատվին կազմակերպվող շքերթներով։