ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիա է ուղարկել ՀՕՊ Patriot համակարգերի մեծ քանակություն
ԱՄՆ-ի իշխանությունները վերջին մեկ ամսում Սաուդյան Արաբիային են փոխանցել հակաօդային պաշտպանության Patriot համալիրների մեծ քանակություն, տեղեկացրել է Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Անունը չնշած պաշտոնյան ասել է, որ համալիրների մատակարարումն անհրաժեշտ է, որպեսզի Սաուդյան Արաբիան կարողանա արձագանքել Եմենում «Անսար Ալլա» (հուսիներ) անօդաչուների եւ հրթիռների գրոհներին։ Էր Ռիյադը ԱՄՆ-ին անցած տարեվերջին խնդրել էր իրեն Patriot համալիրներ մատակարարել՝ նշելով, որ դրանց քանակը չափազանց ցածր մակարդակի է։
Աղբյուրը նշել է, որ որոշում կայացնելու համար պահանջվել է մի քանի ամիս, քանի որ սպառազինության այդ տեսակի պահանջարկը շատ մեծ է ԱՄՆ-ի այլ դաշնակիցների կողմից։ Համալիրները եւ մարտական այլ միջոցներ ուղարկվել են Սաուդյան Արաբիա Մերձավոր Արեւելքի այլ երկրներից, ընդգծել է թերթի զրուցակիցը։
Մարտական գործողությունները Եմենում ընթանում են արդեն յոթ տարի։ Մի կողմից դրանց մասնակցում են «Անսար Ալլա» խմբավորման հուսիները եւ նրանց դաշնակիցները, մյուս կողմից՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերը՝ եմենյան բանակը, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի աջակցությամբ։ Ներկայում հուսիները զգալի տարածքներ են վերահսկում, ներառյալ երկրի մայրաքաղաք Սանան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։