Գիտնականները «Endurance» լեգենդար նավում բնակություն հաստատած զարմանալի ծովային էակներ են հայտնաբերել
Ֆոլքլենդի ծովային ժառանգության հիմնադրամի ստորջրյա աշխարհի հետազոտողները խորտակումից 106 տարի հետո, 3 000 մետր խորության վրա, մայրցամաքային Անտարկտիդայի ամենահյուսիսային մասում գտել են սըր Էռնեստ Շեքլթոնի «HMS Endurance» նավը։ Արկտիկական թերակղզուց արեւելք՝ Ուեդելի ծովի սառցե խորություններում խորտակված «Endurance»-ը պահպանվել է անհավանականորեն լավ վիճակում։ Բայց իրականում նավի վրա գիտնականներին մեկ այլ անակնկալ էլ էր սպասվում. մի քանի ծովային էակներ, որոնք խորտակված նավն իրենց տունն էին դարձրել, գրել է «Техкульт»-ը։
«HMS Endurance»-ը 44 մետր երկարությամբ փայտե նավ էր՝ չափազանց հարուստ պատմությամբ։ «Endurance»-ը 1915թ. Ուեդելի ծովի սառը ջրերում էր, երբ հավիտյան մնաց սառույցների գերության մեջ։ Էռնեստ Շեքլթոնը կարողացավ հերոսաբար պահպանել թիմի բոլոր անդամների կյանքը ձմռան դաժան պայմաններում եւ հասնել կետորսական կայանին, որն օգնեց նրանց փրկվել։ Եվ այսպես, ո՞վ է ապրում օվկիանոսի հատակում։
Վառ դեղին ծովային շուշաններ կամ ցողունավոր կրինոիդ, որոնք գոյություն են ունեցել 480 մլն տարի առաջ եւ մինչեւ տրիասովյան շրջանը տարածված էին աշխարհի բոլոր օվկիանոսներում։ Այդ էակները քմահաճ տեսք չունեն, բայց արդեն միլիոնավոր տարիներ ապրում են, ուստի համարվում են կենդանի հանածոներ։
«Endurance»-ի հետաքրքիր բնակիչներից է նաեւ, այսպես կոչված, յետի ծովախեցգետինը՝ ոտքերին մազիկներ ունեցող խորջրյա ծովախեցգետիններ, ինչի համար էլ ստացել են իրենց անվանումը։ Մինչ այդ դրանք Ուեդելի ծովում հայտնաբերված չեն եղել։
«Endurance»-ի փրկարար արշավախմբի մասնակիցները հայտնաբերել են Բրիսինգիդա ծովային աստղը, որը ծաղկում է մեծ խորություններում։ Բրիսինգիդաները ճանկավոր փշեր ունեն, որոնք կատարում են կպչուն ժապավենի դեր եւ օգնում որս հայթայթել։ Բրիսինգիդաներն իրենց շատ լավ են զգում հենց մեծ խորություններում։
Քաջարի անեմոնին նկատել են նավի քթամասում։ Ծովային անեմոնները նման են խողովակավոր բույսերի կամ որդերի։ Նրանք կարող են անվնաս տեսք ունենալ, բայց իրականում գիշատիչներ են, որոնք որսին շշմեցնում են ցավոտ խայթոցով։