Չինաստանում ստեղծել են իրական ժամանակի ռեժիմով Երկրի արբանյակային լուսանկարներ ստանալու տեխնոլոգիա
Չինաստանում ստեղծել են տեխնոլոգիա, որը թույլ կտա ուղեծրի արբանյակային լուսանկարներ ստանալ առանց հապաղումների։ Նախագծի հեղինակների խոսքով՝ բարձրորակ լուսանկարները հասանելի կլինեն բոլոր օգտատերերին։ Տեխնոլոգիայի մասին տեղեկացրել է South China Morning Post-ը։
Ուհանի համալսարանի պրոֆեսոր, Luojia-3 01 նախագծի գլխավոր հեղինակ Վան Մին տեղեկացրել է, որ նոր տեխնոլոգիայի օգնությամբ Երկրի ցանկացած կետի արբանյակային լուսանկարները հասանելի կլինեն օգտատերերին 10 րոպեի ընթացքում։
Luojia-3 01 առաջին արբանյակի արձակումը նախատեսված է 2022թ. հուլիսին։ Արբանյակն ունի հզոր հեռադիտակ եւ կարող է լուսանկարել կամ տեսագրել ուղեծրից՝ 70 սանտիմետր հավանականությամբ։ Դա բավական է, օրինակ, լուսանկարի վրա որոշելու համար մեքենայի մակնիշը։
Առաջին արձակումը կօգնի թեստավորել տեխնոլոգիան։ Թեստավորումից հետո արբանյակները տեղեկություն կհաղորդեն ամբողջ Երկրից։
«Այժմ այդ տեխնոլոգիան հասանելի է միայն առանձին երկրների զինվորականներին,- ասել է Վան Մին։- Մենք անվճար սպասարկում կտրամադրենք ամբողջ աշխարհի օգտատերերին»։
Արբանյակների մեծ մասը սովորաբար սեղմում եւ պահպանում է տվյալները լուսանկարումից հետո։ Տեղեկությունը Երկիր է փոխանցվում ցամաքային կայանների սարքերի միջոցով։ Ստացված լուսանկարները մշակվում են համակարգչով եւ վերածվում հարմար ձեւաչափերի։ Սովորաբար այդ գործընթացը տեւում է մի քանի ժամ կամ մի քանի օր։
Իսկ Luojia-3 01-ը կարող է ինքնուրույն մշակել լուսանկարները արհեստական բանականության օգտագործմամբ։ Տվյալները ցամաքային կայանի միջոցով փոխանցելու փոխարեն այն օգտագործելու է կապի մերձակա չինական արբանյակը։ Փոխանակման համար կօգտագործվի Ka-դիապազոնի հաճախականություն, որը կիրառում են, օրինակ, Starlink արբանյակները։
Չնայած արբանյակն արձակվելու է հուլիսին, առայժմ սերվիսի հասանելիության ամսաթիվը հայտնի չէ, գրել է «Հայթեք»-ը։