Շվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի կարգավորման բանակցություններում
Շվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի կարգավորման բանակցություններում կամ ընդունել բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսը, ելույթ ունենալով շաբաթ օրը Բեռնում տեղի ունեցած հանրահավաքում, որն անցկացվել է «Համերաշխություն Ուկրաինայի հետ, դադարեցրեք պատերազմը» կարգախոսով, հայտնում է ՏԱՍՍ լրատվականը։
«Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր խաղալ կուլիսներում կամ ընդունել բանակցությունները», – Կասիսի խոսքերը մեջբերել է RTS հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ «Շվեյցարիան համատեղում է չեզոքությունն ու մարդասիրական ավանդույթը»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 16-ին RBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Շվեյցարիայի գործընկերները դիմել են իրեն՝ առաջարկելով միջնորդել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները։ «Ինձ պարբերաբար դիմում են գործընկերներ այլ երկրներից, մասնավորապես՝ Շվեյցարիայից, որոնք ավանդաբար իրենց դիրքում են որպես փոխզիջումների ձեռքբերման երկիր և պատրաստ են միջնորդել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում»,- ասել է Լավրովը։
Շվեյցարիայում վերջին շաբաթներին աշխույժ քննարկումներ են ծավալվել այն մասին, թե արդյոք երկրի մասնակցությունը հակառուսական պատժամիջոցներին համատեղելի է իր չեզոք կարգավիճակի հետ: Պատժամիջոցների վերաբերյալ Բեռնի դիրքորոշումը խիստ քննադատության է ենթարկվել կառավարության մաս կազմող աջ պահպանողական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության տեղական քաղաքական դաշտի վետերան ստրատեգ Քրիստոֆ Բլոխերի կողմից: «Որպես չեզոք երկիր՝ Շվեյցարիան կարող էր հատուկ ներդրում ունենալ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման գործում, սակայն նա «անխոհեմորեն բաց թողեց այդ հնարավորությունը՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ», – ասել է նա մարտի 7-ին NZZ թերթին տված հարցազրույցում։
Շվեյցարիան, որը Եվրամիության անդամ չէ, աջակցել է Մոսկվայի դեմ պատժամիջոցներին, որոնք հայտարարվել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հետ կապված։ Մարտի 7-ին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի, նրա ընկերությունների և քաղաքացիների դեմ։ Համադաշնությունը ներառված է այս ցանկում։