«Եվրատեսիլ 2022» -ին Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը «Snap» երգով
Գլխավոր«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը «Snap» երգով:
Երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լին, Լարզ Պրինչիպատո, Քորթնի Հարել, Էլի Քրիսթալ, Թամար Մարտիրոսյան Կապրելյան: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Տեսահոլովակի ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան:
«Եվրատեսիլ 2022»-ի մեր պատվիրակ Ռոզան նշում է, որ իր երգն ուղևորություն է դեպի ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ.
«Կարծում եմ, որ բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ: Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս: Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք: «Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր օրեր են ապրում»։