Թունավոր աղբավայրում ապրող ամերիկացիները տասնյակ միլիոնավոր դոլարներ կստանան
ԱՄՆ-ի Նոր Օռլեանի թունավոր թափոնների աղբավայրի բնակիչներին տասնյակ միլիոնավոր դոլարներ կվճարեն։ Հայցվորները դատարանում պայքարել են քաղաքային իշխանությունների և կառուցապատողների դեմ, ովքեր պատասխանատու են աղբավայրի տարածքում Գորդոն Պլազայի և Press Park-ի կառուցման համար: Նրանց ստացած փոխհատուցման չափը կկազմի 75,3 մլն դոլար, նշում է New York Post-ը։
Գործի քննությանը մասնակցել է հինգ հազար մարդ, որոնց տները գտնվում են թունավոր տարածքում։ Երեսուն տարի շարունակ նրանք պայքարել են, որպեսզի թաղամասը անվտանգ վայր տեղափոխելու համար ֆինանսավորում հատկացվի:
Այս պահին հայտնի չէ, թե աղտոտվածությունից տուժածները երբ կստանան դատարանում շահած գումարը։ Նյու Օռլեանի քաղաքային բնակարանային վարչությունը և շրջանային դպրոցական խորհուրդը, որոնց հանձնարարվել է վճարել փոխհատուցումը, հրաժարվել են ասել, թե արդյո՞ք պատրաստվում են բողոքարկել վճիռը:
Փաստաբան Սյուզետ Բանյերիսը, որը ներկայացնում է հայցվորների շահերը, ասել է, որ վճարման չափը հաշվարկելիս հաշվի կառնվեն թունավոր տարածքում նրանց ապրած ժամանակահատվածը: Օրինակ, նրանք, ովքեր 20 տարի ապրել են Գորդոն Պլազայում և Press Park-ում, կկարողանան ստանալ 25000 դոլար և իրենց տան արժեքի 20 տոկոսը: Այդ թաղամասերում անշարժ գույքը, ըստ իրենց՝ տանտերերի, գրեթե ոչինչ չարժե։ Մեծ մասամբ այս տարածքները բնակեցված են ցածր և միջին եկամուտ ունեցող սևամորթ ընտանիքներով: Տները գնելու պահին նրանց չեն զգուշացրել, որ գույքը գտնվում է աղբավայրի տեղում։