«Կփորձենք ֆիլմը ներկայացնել Netflix, Hulu եւ Amazon հարթակներին». ցեղասպանությունից փրկվածների մասին՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրեմիերան՝ Երևանում
Մարտի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրեմիերան: Վավերագրական այս դրաման պատմում է ցեղասպանությունից փրկվածների ու նաեւ այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն եւ ասորի ժողովուրդները:
«Այս ֆիլմը նաեւ մեր՝ հայերիս համերաշխության քայլն է մեր բախտակից ժողովուրդներին՝ որպես քրիստոնյաներ: Փորձել ենք ավելի համամարդկային դարձնել դրա պատմությունը, որը ոչ միայն մարդասիրական տեսանկյունից էր կարեւոր քայլ, այլեւ՝ մարքեթինգային. այն կնպաստի ֆիլմի ավելի լայնամասշտաբ տարածմանը: Մեր առաջին պատմության՝ «Փրկության քարտեզի» առանցքը Հայոց ցեղասպանությունն էր, ինչը որոշակի վերապահումների հանդիպեց, իսկ այս մեկն ընդհանուր՝ համամարդկային ողբերգության մասին է»,-ֆիլմին նախորդող ասուլիսի ժամանակ նշեց մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը: Ըստ նրա՝ Ֆիլմի հանրաճանաչման համար արդեն որոշակի գործողություններ եւ կարեւոր բանակցություններ են տարվում,-«Պետք է փորձենք այն ներկայացնել նաեւ Netflix, Hulu եւ Amazon հարթակներին»,-հավելեց Սարիբեկյանը:
Վավերագրական դրամայի օրիգինալ լեզուն անգլերենն է. այն առայժմ թարգմանված է միայն հայերենով, սակայն պրոդյսւսերը չբացառեց, որ ֆիլմը հետագայում կթարգմանվի այլ լեզուներով եւս:
Բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանն, անդրադառնալով վավերագրության բարդություններին, պատմեց, որ ստիպված է եղել որոշ նկարահանումներ շատ զգույշ կատարել՝ համապատասան թույլտվությունը չստանալու պատճառով: Նրա խոսքով՝ խնդիրները շատ էին, սակայն նկարահանումները հետաքրքիր են անցել: Ասում է՝ միայն ափսոսում է, որ շատ կադրեր դուրս են մնացել ֆիլիմից:
Խոսելով նկարահանումների մյուս դժվարություններից՝ Մանվել Սարիբեկյանը հավելեց,-«Մենք շատ զգույշ նկարահանումներ ենք ունեցել: Արդեն գիտենք՝ ինչպես աշխատել, որպեսզի չբախվենք խնդիրների: Իսկ Թուրքաիայից թույլտվություն խնդրելը նկարահանման համար աբսուրդ է: Ես երբեք չեմ փորձել, քանի որ դա ապարդյուն գործ է լինելու»:
Ֆիլմում օգտագործվել են նաև խաղարկային դրվագներ: Որպես պատմող նկարահանվել է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լեւինը: Հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ վավերագրական պատմություններից մեկը հետագայում վերածվի խաղարկային ֆիլմի, պրոդյուսերը պատասխանեց.
«Եթե լինի այնպիսի մի սցենար, այնպիսի ռեժիսոր, որն ինձ կոգեւորի, կփորձենք աշխատել նաեւ խաղարկային ֆիլմի շուրջ»:
Աղբյուրը՝ News.am Stile