Ռուսական կողմն Ուկրաինային զրկել է Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից
Դոնեցկի գործողությունների շրջանում ռուսական կողմը զրկել է Ուկրաինային դեպի Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից՝ հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Նշվում է, որ ռուսական ուժերը շարունակում են Չեռնիգով, Սումի, Խարկով քաղաքների շրջափակման փորձերը: Կիևից տեղեկացրել են՝ որոշ քաղաքների համար մարտեր են ընթանում:
Ռուսական կողմից էլ հայտնում են, որ Դաշնության զինված ուժերը մեկ օրում խոցել են 69 ուկրաինական ռազմական օբյեկտներ։ Ուկրաինայի վտանգավոր շրջաններից նախօրեին Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 14 հազար մարդ: Մարիուպոլից էլ մեկ օրում տարհանվել է ավելի քան 13 հազար մարդ: Նրանց թիվը հասել է մոտ 57 հազարի:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 3,2 մլն-ը։ Լեհաստան է տեղափոխվել մոտ 2 մլն ուկրաինացի, 185 հազար մարդ էլ տարհանվել է Ռուսաստան։ Նշվում է, որ Ուկրաինան լքածներից 162 հազարն օտարերկրացիներ են: