Ստամբուլում ձյան պատճառով հարյուր չվերթ չեղարկվել է
Ստամբուլում ձյան պատճառով հարյուր չվերթ չեղարկվել է, տեղեկացրել է Sabah-ը։
Թուրքական Turkish Airlines (THY) ավիափոխադրողը չեղարկել է շաբաթ օրվա համար նախատեսված 100 չվերթ։ «Եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվել է մարտի 19-ին նախատեսված 100 չվերթ, այդ թվում՝ 80 չվերթ Ստամբուլի եւ 20 չվերթ՝ Սաբիհա Գյոկչենի անվան օդանավակայանում»,- նշվել է ավիաընկերության հաղորդագրությունում։
Ակնկալվում է, որ ձյունն այնքան էլ առատ չի լինի, որքան անցած շաբաթ կամ հունվարին, բայց իշխանություններն արդեն նախազգուշական միջոցներ են ձեռնարկել։ Ստամբուլի մուհաֆազան (վարչատարածքային միավոր) հայտարարել է, որ պետական եւ մասնավոր բոլոր դպրոցները ուրբաթ ուժեղ ձյան պատճառով փակվել են։
Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քաղաքի բնակիչներին խորհուրդ է տվել ուրբաթ որքան հնարավոր է մեքենա չվարել եւ դրա փոխարեն օգտվել հանրային տրանսպորտից՝ ձյան պատճառով երթեւեկը չվատացնելու նպատակով։